Արգենտինայի ազգային հավաքականի և «Բոկա Խունիորսի» նախկին հարձակվող Կարլոս Տևեսը հայտարարել է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն կարող են հանդես գալ նույն թիմում իր հրաժեշտի խաղի ժամանակ։
Սպասվում է, որ պատմական հանդիպումը կկայանա 2026 թվականի դեկտեմբերին Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» մարզադաշտում։
«Ես միշտ երազել եմ Կրիշտիանուին և Լեոյին տեսնել նույն թիմում։ Նրանք բոլոր ժամանակների երկու մեծագույն խաղացողներն են։ Ես կապ հաստատեցի նրանց հետ, հատկապես՝ Կրիշտիանուի։ Ասացի նրան, որ ցանկանում եմ իրեն և Լեոյին տեսնել նույն թիմում իմ հրաժեշտի խաղին, որպեսզի ողջ աշխարհը մեկընդմիշտ տեսնի այդ կախարդանքը։ Ռոնալդուն ասաց, որ այնտեղ կլինի։ Լեոյին համոզելը նույնպես դժվար չէր։ Նրանք երկուսն էլ իրենց համաձայնությունը տվել են։ Անհամբերությամբ սպասում եմ դրան, այս հանդիպումը շատ հուզիչ է լինելու»,- Տևեսի խոսքերն է մեջբերում Footmercato պարբերականը։
Հիշեցնենք, որ Տևեսը Ռոնալդուի հետ խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Մեսսիի հետ՝ Արգենտինայի ազգային հավաքականում։ Ներկայումս 41-ամյա Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրում», իսկ 39-ամյա Մեսսին կարիերան շարունակում է ամերիկյան ՄԼՍ-ում՝ պաշտպանելով «Ինտեր Մայամիի» գույները։

























































