Եվրոպական բարձրակարգ առաջնություններում ամառային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակվել է, սակայն որոշ առաջնություններում պայմանագրեր կնքել դեռ հնարավոր է:
Բացի այդ, ակումբները կարող են ցանկացած պահի անվճար ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող խաղացողների: Բրիտանական BBC պարբերականը կազմել է ներկայումս առանց թիմի մնացած ամենաաստղային ֆուտբոլիստների ցանկը:
Պոլ Պոգբա, 33 տարեկան (նախորդ ակումբը՝ «Մոնակո»)
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը 2025-ի մարտին դոպինգի պատճառով 18-ամսյա որակազրկման ավարտից հետո շատ քիչ է խաղացել: Նախորդ ամառ միանալով «Մոնակոյին»՝ նա անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։ Վնասվածքների շարքի պատճառով ֆրանսիական ակումբը նախորդ ամիս խզեց նրա պայմանագիրը՝ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ:
Կարիմ Բենզեմա, 38 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ալ-Հիլալ»)
2023-ին «Ռեալից» հեռանալուց հետո Բենզեման երեք տարի անցկացրեց «Ալ-Իթիհադում», ապա տեղափոխվեց «Ալ-Հիլալ»: Սակայն ընդամենը վեց ամիս անց «Ոսկե գնդակի» դափնեկրի պայմանագիրը խզվեց։ Պատճառը թերևս Կրիսենսիո Սամերվիլ-Օլի Ուոթկինս-Գաբրիել Մարտինելի հարձակվողական եռյակի ժամանումն էր, և, չնայած այս մրցաշրջանում նրա անցկացրած 3 հանդիպումներին, օգոստոսի 31-ին ֆրանսիացին հեռացավ ակումբից:
Ռիյադ Մահրեզ, 35 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ալ-Ահլի»)
Պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոնի պայմանագիրը նույնպես վաղաժամ խզվել է: 2023-ին «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո Մարեզը 122 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ: Սպասվում է, որ նա կմնա Սաուդյան Արաբիայում և կմիանա «Ալ-Շաբաբին»:
Ռահիմ Ստերլինգ, 31 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ֆեյենորդ»)
Ստերլինգը հեռացավ «Ֆեյենորդից» ընդամենը երեք ամիս և ութ խաղ անց։ Հաջորդ ամիս նա կկանգնի դատարանի առաջ՝ մայիսին վտանգավոր վարման և արգելապատնեշին բախվելու մեղադրանքով: Ըստ աղբյուրների՝ անգլիացի վինգերը «չափազանց բարդ տարիներ» է ապրում։
Ֆիլիպե Կոուտինյո, 34 տարեկան (նախորդ ակումբը՝ «Վասկո դա Գամա»)
Բրազիլացին փետրվարին հեռացավ հարազատ ակումբից՝ նշելով, որ «հոգեպես հոգնած է»: Նա պաշտոնապես չի ավարտել կարիերան, իսկ նախկինում լուրեր էին շրջանառվում MLS հնարավոր տեղափոխության մասին:
Ջեյդոն Սանչո, 26 տարեկան (նախորդ ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
2021-ին 73 մլն ֆունտով ՄՅՈւ տեղափոխվելուց հետո Սանչոյի կարիերան անկում ապրեց: Վերջին 2,5 տարիներին նա վարձավճարով խաղացել է «Չելսիում» և «Ասթոն Վիլայում»: Պրեմիեր լիգայում ընդամենը 30 խաղ անցկացրած վինգերը, ըստ լուրերի, համաձայնության է եկել բրազիլական «Պալմեյրասի» հետ:
Դանիել Կարվախալ, 34 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ռեալ Մադրիդ»)
Իր սերնդի լավագույն աջ պաշտպաններից մեկը հունիսին «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո մնացել է առանց ակումբի։ 13 տարվա ընթացքում նա Մադրիդում անցկացրել է 451 հանդիպում: Ամռանը Կարվախալը մարզվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բազայում՝ հայրենակից Խոսելուի հետ:
Ջեյմի Վարդի, 39 տարեկան (նախորդ ակումբը՝ «Կրեմոնեզե»)
«Լեսթերում» 13 տարի անցկացնելուց հետո Վարդին նախորդ մրցաշրջանն անցկացրեց իտալական «Կրեմոնեզեում», սակայն թիմի՝ Սերիա Բ տեղափոխվելուց հետո հեռացավ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Ռեքսեմը», «Շեֆիլդ Ուենսդեյն» ու «Վեսթ Հեմը»:
Դավիդ Ալաբա, 34 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ռեալ Մադրիդ»)
Ալաբան մադրիդյան ակումբից հեռացավ մայիսին՝ 5 տարի այնտեղ անցկացնելուց հետո։ Նրա տպավորիչ կարիերան ներառում է 12 չեմպիոնական տիտղոս և Չեմպիոնների լիգայի 4 գավաթ: Չնայած ՄՅՈւ-ի և այլ ակումբների կողմից հետաքրքրությանը, ավստրիացին դեռ նոր թիմ չի գտել:
Սերխիո Ռամոս, 40 տարեկան (նախորդ ակումբը՝ «Մոնտերեյ»)
Իսպանացի լեգենդար պաշտպանն առանց ակումբի է 2025-ի դեկտեմբերից՝ մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց ի վեր: Նա չի ավարտել կարիերան և իրեն բավականաչափ լավ մարզավիճակում է զգում։ Այս տարվա սկզբին Ռամոսը փորձել է գնել իր նախկին ակումբի՝ «Սևիլյայի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, սակայն գործարքը ձախողվել է:
Այլ հայտնի ազատ գործակալներ
- Ալեքսանդր Զինչենկո (29 տ., նախորդ ակումբը՝ «Այաքս»)
- Խամես Ռոդրիգես (35 տ., նախորդ ակումբը՝ «Մինեսոտա Յունայթեդ»)
- Անտոնի Մարսիալ (30 տ., նախորդ ակումբը՝ «Մոնտերեյ»)
- Դելե Ալի (30 տ., նախորդ ակումբը՝ «Կոմո»)
- Խոսելու (36 տ., նախորդ ակումբը՝ «Ալ-Գարաֆա»)
- Ուիլֆրիդ Զահա (33 տ., նախորդ ակումբը՝ «Գալաթասարայ»)
- Իվ Բիսումա (30 տ., նախորդ ակումբը՝ «Տոտենհեմ»)
- Ժորժինյո Վեյնալդում (35 տ., նախորդ ակումբը՝ «Ալ-Իթիֆաք»)
- Քոնոր Քոուդի (33 տ., նախորդ ակումբը՝ «Ռեքսեմ»)
- Տայրել Մալասիա (27 տ., նախորդ ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
- Ջորդան Այու (34 տ., նախորդ ակումբը՝ «Լեսթեր»)
- Սոլի Մարչ (32 տ., նախորդ ակումբը՝ «Բրայթոն»)




























































