Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Արարատ-Արմենիայի»՝ «Փյունիկից» կրած 1:2 հաշվով պարտությամբ:
Խաղից հետո գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան լրագրողների հետ զրույցում ամփոփել է հանդիպումն ու անդրադարձել Եվրոպա լիգայի լիգայի փուլի վիճակահանության արդյունքներին։
«Այս պահին ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի առաջնության վրա, չեմ մտածում Եվրոպա լիգայի մրցակիցների մասին, սա 5-րդ տուրն էր և մենք առջևում այս մրցաշրջանում 33 հանդիպում ունենք, մեր մտքերն ամբողջությամբ կենտրոնացած են Հայաստանի առաջնության վրա։
Ամեն դեպքում ծանոթ մրցակիցներ են մեզ, «Սպարտայի» հետ խաղացել ենք նախորդ տարի, «Ցելյեի» հետ մեկ ամիս առաջ, ու կան շատ անվանի մրցակիցներ, որոնց հանդեպ մեծ հարգանք ենք տածում, յուրաքանչյուր խաղի պետք է առանձին պատրաստվենք ու բնականաբար մեծ հարգանքով յուրաքանչյուր մրցակցի նկատմամբ։
Եվրոպա լիգան այն մրցաշարն է, որում չենք կարող սխալներ թույլ տալ։ Ուզում եմ այնպես դասավորվի ամեն ինչ, որ ամբողջ կազմը իմ տրամադրության տակ ու պատրաստ լինի, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ հաղթեցինք նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունը, մեր գլխավոր նպատակներից է, որ այս տարի ևս դառնանք Հայաստանի չեմպիոն»,- նշել է պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի լիգայի փուլում «Արարատ-Արմենիային» սպասվում են լրջագույն փորձություններ։ Թիմի մրցակիցներն են՝ «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Միլանը» (Իտալիա), «Սպարտան» (Չեխիա), «Զալցբուրգը» (Ավստրիա), «Ցելյեն» (Սլովենիա), «Յագելոնիան» (Լեհաստան), ՆԵԿ-ը (Նիդերլանդներ) և «Տորրենսեն» (Պորտուգալիա):



























































