«Մալագայի» գլխավոր մարզիչ Խուան Ֆունեսը խիստ քննադատության է ենթարկել մրցավարությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ իր թիմը ջախջախիչ պարտություն է կրել 0-4 հաշվով։
Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան։
Ինչպես փոխանցում է Marca պարբերականը, իսպանացի մասնագետը հանդիպումից հետո չի թաքցրել իր զայրույթը.
«Այնպիսի տպավորություն է, որ եթե պարզապես փչես «Ռեալի» ֆուտբոլիստների վրա, դա արդեն խախտում կհամարվի։ Իսկ որպեսզի կանոնների խախտում գրանցվի մեր օգտին, պետք է, որ արյուն թափվի»։
Հատկանշական է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել գործընկերոջ այս հայտարարությունը։
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերից հետո «սերուցքայինները» վաստակել են 9 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Մալագան» իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
























































