Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալի» հետ՝ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տեղափոխության հարցում։ Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր X-ի միկրոբլոգում հայտնում է, որ սպասվող տրանսֆերային գործարքն արդեն գտնվում է ավարտական փուլում։
Ըստ աղբյուրի՝ «զինագործները» 29-ամյա ռմբարկուի վաճառքից կստանան 10 միլիոն եվրո երաշխավորված գումար, ինչպես նաև լրացուցիչ հավելավճարներ։
Սպասվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» համար բուժզննում կանցնի առաջիկա երկուշաբթի օրը՝ օգոստոսի 31-ին, ինչից հետո տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես։
Հիշեցնենք, որ Ժեզուսն «Արսենալի» գույները պաշտպանում է 2022 թվականի ամռանից։ Լոնդոնյան ակումբում անցկացրած ժամանակահատվածում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 123 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 32 դիպուկ հարված և 22 արդյունավետ փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ բրազիլացու շուկայական տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 17 միլիոն եվրո։

























































