Ամառային տրանսֆերային պատուհանի վերջնամասը կատալոնական «Բարսելոնայի» համար խոստանում է լինել չափազանց թեժ։ Ինչպես հայտնում է իսպանական SPORT պարբերականը, կապտանռնագույնների մարզական տնօրեն Դեկուն աշխատում է հնչեղ գործարքի շուրջ, որը ենթադրում է եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեի և Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանակում։
Վերջերս իսկական սկանդալ հասունացավ Բալդեի շուրջ, երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նրան դուրս թողեց Լա Լիգայի մեկնարկային՝ «Էլչեի» դեմ խաղի հայտացուցակից։ Գերմանացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ հստակ ընդգծել էր, որ մինչև ֆուտբոլիստը չկենտրոնանա և չպայքարի իր տեղի համար, հիմնական կազմում հայտնվելը բարդ կլինի: «Ատլետիկի» դեմ երկրորդ տուրի խաղում Բալդեն ընդգրկվել էր հայտացուցակում, սակայն ոչ մի րոպե խաղաժամանակ չստացավ։ Նրա փոխարեն ձախ եզրում գործում էր երիտասարդ Չավի Էսպարտը, ով բավականին տպավորիչ ելույթ ունեցավ: Ժոաու Կանսելուի՝ դեռևս ոչ օպտիմալ մարզավիճակում գտնվելու պայմաններում անգամ Բալդեն կորցնում է իր դիրքերը:
Նրա խաղային անկումը նկատելի էր դեռ նախորդ մրցաշրջանում, երբ հունվարին Կանսելուի ժամանումից հետո կորցրեց տեղը մեկնարկային կազմում, ինչին գումարվեց նաև մկանային ծանր վնասվածքը։ Չնայած դրան՝ Ֆլիկը վստահ է, որ խաղացողն ունի մեծ պոտենցիալ, որն այս պահին չի իրացնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» արդեն մի քանի օր է՝ կապի մեջ է «Ինտերի» ղեկավարության հետ։ Կատալոնացիները ցանկանում են պաշտպանության ձախ եզրն ամրապնդել 28-ամյա Դիմարկոյով, ով վերջին տարիներին անձեռնմխելի ֆիգուր է միլանյան ակումբում։ Բացի Բալդեի տրանսֆերից, «Բարսելոնան» պատրաստ է նաև հավելյալ գումար վճարել իտալացու համար։
Անձամբ Բալդեն ցանկանում է մնալ և պայքարել իր տեղի համար։ Ակումբում կարծում են, որ նրան կարող է համոզել միայն այն դեպքում, եթե առաջարկվող թիմը բավարարի ֆինանսական պահանջներն ու պայքարի բարձրագույն տիտղոսների համար։ Այս պահին «Ներաձուրիները» դեռևս կանաչ լույս չեն վառել իրենց առանցքային խաղացողներից մեկից բաժանվելու համար, սակայն բանակցությունները վերջին ժամերին ինտենսիվացել են։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս ամառ արդեն իսկ ծանրակշիռ ծախսեր է արել՝ ձեռք բերելով Գորդոնին, Ադեյեմիին և Կանսելուին, սակայն ակումբը դեռ փնտրում է կենտրոնական հարձակվողի (հաշվի առնելով «Ատլետիկոյում» Խուլիան Ալվարեսի շուրջ ստեղծված խռովությունը): Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է 72 ժամ, և Դեկուի գլխավորած մարզական բաժինը շարունակում է ակտիվորեն աշխատել ելքային ու մուտքային տրանսֆերների ուղղությամբ։

























































