Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն արձագանքել է Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավար Միգել Անխել Խիլի՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հնարավոր տեղափոխության վերաբերյալ արած կոշտ հայտարարություններին։
Ավելի վաղ մադրիդյան կողմը ոչ միայն բացառել էր «Բարսելոնայի» հետ բանակցությունները, այլև կատալոնացիներին մեղադրել էր ոչ էթիկական պահվածքի և ֆուտբոլիստի վրա ազդելու փորձերի մեջ։ Ի պատասխան այս մեղադրանքների՝ Յուստեն չի թաքցրել իր վրդովմունքը։
«Այդ խոսքերը հատում են կարմիր գիծը։ Հաշվի առնելով, որ դրանք հնչում են հենց Միգել Անխել Խիլի շուրթերից՝ ես բացարձակապես չեմ հասկանում նրան։ Չեմ կիսում այդ դիրքորոշումն ու, իհարկե, վրդովված եմ նման հայտարարություններից։ Մենք հարգում ենք մրցակիցներին, հարգում ենք «Ատլետիկոն» որպես ակումբ և աշխարհի բոլոր ֆուտբոլիստներին։ Եթե խաղացողը ցանկանում է գալ մեր թիմ, դա, անշուշտ, մեզ ուրախացնում է։ Մենք բացարձակ հանգիստ ենք. մեր խիղճը թույլ չի տալիս գործել սպորտային ու պրոֆեսիոնալ սկզբունքներին հակառակ»,- Յուստեի խոսքերն է մեջբերում COPE-ը։
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է սրվել. արգենտինացի հարձակվողն արդեն երրորդ օրն անընդմեջ բաց է թողնում թիմի մարզումները։ Ավելին, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պաշտոնապես հաստատել է, որ ֆուտբոլիստը բացակայելու է նաև վաղը՝ օգոստոսի 29-ին կայանալիք «Սևիլյայի» դեմ խաղի հայտացուցակից։

























































