Արդեն երրորդ մարզումն անընդմեջ Խուլիան Ալվարեսը բացակայում է Մադրիդի «Ատլետիկոյի» ճամբարից։ Արգենտինացին շարունակում է «վատառողջ» ձևանալ՝ չմիանալով թիմակիցներին «Սևիլիայի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղի նախապատրաստական աշխատանքներին: Այսպիսով, նրա մասնակցությունն անդալուսցիների դեմ խաղին գործնականում բացառվում է: Այս մասին գրում է Sport.es-ը։
Դիեգո Սիմեոնեն հարձակման գծում լուրջ խնդիրների է բախվել. Ալեքսանդր Սոռլոթը վնասվածք ունի, և արգենտինացի մասնագետը ստիպված է նոր լուծումներ փնտրել «9 համարի» դիրքը փակելու համար, քանի որ Ալվարեսը շարունակում է իր համառ բոյկոտը։
Այս բացակայությունը վկայում է «Բարսելոնա» տեղափոխվելու ֆուտբոլիստի հաստատակամության մասին, թեև «Ատլետիկոն» կտրականապես դեմ է իր աստղին կատալոնական ակումբին վաճառելուն: Մադրիդյան ակումբը պատրաստ է ընդունել Լոնդոնի «Արսենալի»՝ 150 միլիոն եվրոյի առաջարկը, սակայն «Բարսելոնայի» հետ բանակցություններում անդրդվելի է՝ պահանջելով պայմանագրով սահմանված 500 միլիոն եվրո հրաժարագինը։
Այս երեք օրերի ընթացքում Ալվարեսի՝ ինքնազգացողության վատթարացման մասին պնդումներն «Ատլետիկոն» առայժմ պաշտոնապես ընդունում է որպես հարգելի պատճառ: Ակումբը փորձում է պահպանել «լարված անդորրը»՝ չցանկանալով վերջնականապես փչացնել հարաբերությունները ֆուտբոլիստի հետ այն դեպքում, եթե տրանսֆերը ձախողվի:
Սիմեոնեն և թիմակիցները մինչ այս փորձում էին պաշտպանել նրան, սակայն «Վիլյառեալի» դեմ խաղում երևաց, որ Ալվարեսն ընկճված է և պասիվ: Երկրպագուների սուլոցները ակնհայտորեն ազդել էին նրա վրա. արգենտինացին խաղադաշտը լքեց միայնակ՝ տրիբունաների դժգոհությունների ներքո:
Մինչ ժամանակն անցնում է, «Ատլետիկոն» ստիպված կլինի արագ կողմնորոշվել տրանսֆերային շուկայում, եթե Ալվարեսը, այնուամենայնիվ, հեռանա: Ներկա պահին ամենահավանական ուղղությունը «Արսենալն» է, իսկ մադրիդցիները հայտնվել են բարդ իրավիճակում՝ նոր կենտրոնական հարձակվող գտնելու հրամայականի առաջ:


























































