Հայաստանի Մ-19 հավաքականն իր շարքերը համալրել է նոր ֆուտբոլիստով. իր առաջին հրավերն է ստացել աջ պաշտպան Էդուարդ Մարտիրոսյանը: Ռուսական ИнсайдЯН տելեգրամյան ալիքն անդրադարձել է երիտասարդ խաղացողին՝ վերլուծելով նրա անցած ուղին ու հեռանկարները ազգային ընտրանու կազմում։
Ի՞նչ է հայտնի Մարտիրոսյանի մասին։ 18-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի Մ-17 հավաքականում՝ անցկացնելով չորս հանդիպում: Ընդամենը մեկ ամիս առաջ նա նշել է իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում՝ Ռուսաստանի Երկրորդ լիգայում (ուժով երրորդ դիվիզիոն) պաշտպանելով «Ակրոն-2»-ի գույները:
Մարտիրոսյանն իր հասակակիցների շրջանում բավականին բարձր է գնահատվում, և Ռուսաստանի պատանեկան հավաքական հրավիրվելն արդեն իսկ խոսում է նրա որակների մասին: Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի պատանեկան ֆուտբոլային լիգայում (ЮФЛ) նա «Ակրոն-Կոնոպլյովի ակադեմիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Տեսնենք, թե ինչպես կզարգանա նրա կարիերան, բայց նա միանշանակ խոստումնալից ֆուտբոլիստ է: Հայաստանի ազգային հավաքականում աջ պաշտպանի դիրքը երկար տարիներ անկայուն է և «կաղում է»։ Հնարավոր է՝ Կամո Հովհաննիսյանի փոխարինողն արդեն ժամանել է»,- եզրափակում է աղբյուրը:


























































