Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գերազանց ելույթները Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայում՝ դառնալով իր նոր թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Սաուդյան Արաբիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Ալ-Ահլին» Ջիդդայի «Քինգ Աբդուլլա Սպորտս Սիթի» մարզադաշտում ընդունել էր «Աբհային»։ Հանդիպումն անցել է տանտերերի բացահայտ առավելությամբ և ավարտվել 4:0 հաշվով։
Խաղի հաշիվը բացվել է արդեն 5-րդ րոպեին. անգլիացի հարձակվող Այվան Թոունին աչքի է ընկել հենց Էդուարդ Սպերցյանի փայլուն գոլային փոխանցման շնորհիվ։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, հայ կիսապաշտպանը զգուշացվել է դեղին քարտով, իսկ 66-րդ րոպեին փոխարինվել է։
⚪
⏰ 05’ AL AHLI 1 x 0 ABHA
⚽️ Ivan Toney
️ SpertsyanSpertsyan rouba a bola no ataque e deixa Toney de cara pro gol! pic.twitter.com/5jn46Pd3bv
— Central do Arabão (@centraldoarabao) August 22, 2026
Նոր ակումբ տեղափոխվելուց հետո Սպերցյանի վիճակագրությունն անչափ տպավորիչ է. անցկացրած ընդամենը 3 խաղում նա արդեն հասցրել է վաստակել «2+2» համակարգով միավոր (2 գոլ և 2 գոլային փոխանցում)։
«Ալ-Ահլիի» կազմում իսկական գոլառատ շոու է ապահովել Այվան Թոունին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Նա աչքի է ընկել 5-րդ, 13-րդ (11-մետրանոցից) և 57-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ 51-րդ րոպեին հեղինակել է «Բարսելոնայի» նախկին խաղացող, պորտուգալացի Ֆրանսիշկու Տրինկաուն։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում հենց Սպերցյանի միակ գոլն էր հաղթանակ պարգևել թիմին «Ալ-Դիրիայի» դեմ խաղում։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» վաստակում է 6 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հավասար միավորներ կիսելով «Ալ-Նասրի», «Ալ-Հիլալի», «Ալ-Իտիֆակի» և «Նեոմի» հետ։
























































