Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Պավել Պոգրեբնյակը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Սաուդյան Արաբիայի առաջնություն՝ նշելով, որ այն կարող է լուրջ հարթակ դառնալ դեպի եվրոպական թոփ-ակումբներ կարիերան շարունակելու համար:
«Սաուդյան Արաբիան ֆուտբոլային առումով վերջնական կետ չէ: Եթե նա շարունակի նույն հաջողությամբ խաղալ և գոլեր խփել, ապա մի օր կգա որևէ «Լիվերպուլ», և ֆինանսական պայմաններն էլ ավելի մեծ կլինեն: Նա իսկական ջենթլմեն է և մեծ հաջողությունների է հասնում՝ տեղափոխվելով հեռանկարային առաջնություն։ Կարծում եմ՝ սա հրաշալի տրամպլին կդառնա դեպի Եվրոպա»:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը, ով այս ամառ «Կրասնոդարից» համալրել էր «Ալ-Ահլիի» կազմը, հիանալի է սկսել իր ելույթները նոր ակումբում։ Ավելի վաղ Սպերցյանը գոլի հեղինակ էր դարձել սաուդյան լիգայի առաջին տուրի՝ «Ալ-Դիրիայի» դեմ խաղում (1:0), իսկ երկուշաբթի օրը կայացած Թագավորական գավաթի 1/16-րդ եզրափակչի՝ «Ալ-Անվարի» դեմ խաղում (2:1) աչքի էր ընկել նաև գոլով և գոլային փոխանցմամբ՝ օգնելով իր թիմին նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
























































