«Ալ Ահլիի» գլխավոր մարզիչ Մարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի սպասվող նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել և արագացնել թիմի խաղաոճը:
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության առաջին փուլում «Ալ Անվարի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հոլանդացի մասնագետը, չնշելով ֆուտբոլիստի անունը, ասել է.
«Մեզ լրացուցիչ խաղացող է պետք՝ հավասարակշռության հասնելու համար։ Տրինկաուն և Սպերցյանն ունեն անհրաժեշտ որակներ, սակայն մենք պետք է կատարելագործենք մեր խաղը։ Նորեկը, որը կմիանա մեզ, կօգնի այդ հարցում և կարագացնի գործողությունները խաղադաշտում, որպեսզի մենք ավելի մրցունակ լինենք»։
Պուշիչի խոսքով՝ «Ալ Անվարի» դեմ խաղում թիմն ավելի լավ տեսք ուներ, քան Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի անդրանիկ տուրում «Ալ Դիրիայի» հետ կայացած դիմակայությունում։ Մարզիչը նաև ընդգծել է ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ որոշ ֆուտբոլիստներ բաց են թողել ամառային նախապատրաստական փուլը՝ վերջերս կայացած Աշխարհի առաջնությունում իրենց ազգային հավաքականների ճամբարներում գտնվելու պատճառով:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Պուշիչը հրաժարվել է բացահայտել նորեկի անունը՝ նշելով միայն, որ այն հայտնի կդառնա առաջիկա օրերին։
Միևնույն ժամանակ, X սոցիալական ցանցի վստահելի «Ալ-Ռիադիա Աջիլ» հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ուկրաինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արտյոմ Բոնդարենկոն առաջիկա 48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի՝ Դոնեցկի «Շախտյորից» «Ալ Ահլի» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։
Նշենք, որ 25-ամյա Բոնդարենկոն «Շախտյորի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից և արդեն հասցրել է աշխատել Պուշիչի գլխավորությամբ, երբ վերջինս 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի մայիսը մարզում էր ուկրաինական թիմը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գործող ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունվարը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 8 միլիոն եվրո։
























































