Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային մեծ նախագիծը բախվում է առաջին լուրջ խոչընդոտներին։ Կրիշտիանու Ռոնալդուի ակումբը՝ «Ալ-Նասրը», ունի 280 միլիոն դոլարի չմարված պարտքեր, ինչի պատճառով հայտնվել է տրանսֆերային բլոկադայի մեջ։ Այս մասին հայտնում է Yahoo Sports-ը։
Ստեղծված իրավիճակի պատճառով Սաուդյան Արաբիայի Պետական ներդրումների հիմնադրամը (PIF) սառեցրել է ակումբի ծախսերը և տրանսֆերային արգելք սահմանել։ Սա նշանակում է, որ «Ալ-Նասրն» այս պահին զրկված է նոր ֆուտբոլիստներ գրանցելու և թիմը համալրելու հնարավորությունից։
Ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը թիմի հսկայական աշխատավարձերի բյուջեն է, որտեղ առանցքային տեղ ունի թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի հարձակվողը 2023 թվականից ի վեր ակումբից արդեն ստացել է 625 միլիոն դոլարի աշխատավարձ և բոնուսներ։
Ըստ աղբյուրի՝ եթե ակումբը չկարողանա մարել պարտքերը, ապա ոչ միայն չի կարողանա նորեկներ ձեռք բերել, այլև ստիպված կլինի բաց թողնել իր ներկայիս առաջատարներին՝ ֆինանսական բեռը թեթևացնելու համար։




























































