Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց իր երկրորդ բրոնզե մեդալը:
51 կգ քաշայինների երրորդ տեղի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշ Գևորգ Հարությունյանը մրցեց վրացի Սաբա Աբաշիձեի հետ: Մեր մարզիկը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հիշեցնենք, որ սա Հայաստանի ընտրանու արդեն երկրորդ մեդալն է ընթացիկ ստուգատեսում. ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել նաև 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը:
Քիչ անց մեր հավաքականը կպայքարի նաև առաջնության ամենաբարձր հարգի մեդալի համար: 71 կգ քաշային Ջանես Նազարյանը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի հետ:



























































