Մադրիդի «Ռեալը» հրապարակել է 2025/26 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։ Թեև ֆուտբոլային առումով տարին Արքայական ակումբի համար անտիտղոս էր, ֆինանսական ցուցանիշներով մադրիդցիները բացարձակ ռեկորդ են սահմանել համաշխարհային սպորտի պատմության մեջ։
Ակումբի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հիմնական գործունեությունից ստացված եկամուտները հասել են ապշեցուցիչ 1,221 միլիարդ եվրոյի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,1%-ով։ Ուշագրավ է, որ աշխարհում որևէ այլ սպորտային կազմակերպության երբևէ չէր հաջողվել հատել 1,2 միլիարդ եվրոյի սահմանագիծը։
Զգալի աճ են գրանցել նաև շահութաբերության ցուցանիշները.
Գործառնական շահույթը մինչև ամորտիզացիան (EBITDA) աճել է 18%-ով՝ կազմելով 287,4 միլիոն եվրո։
Ակտիվների վաճառքից առաջ գրանցված ցուցանիշը հասել է 242,9 միլիոն եվրոյի (+17%)։
Այս երկու ցուցանիշներն էլ համարվում են պատմական մաքսիմում ակումբի համար։ Ինչ վերաբերում է հարկերը վճարելուց հետո մաքուր շահույթին, ապա այն ավելացել է 8%-ով՝ կազմելով 26 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ խաղադաշտում 2025/26 մրցաշրջանն այնքան էլ հաջող չդասավորվեց «Ռեալի» համար։ Թիմը Իսպանիայի Լա լիգայում գրավեց միայն երկրորդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում պայքարը լքեց քառորդ եզրափակիչ փուլում՝ երկխաղյա դիմակայությունում զիջելով Մյունխենի «Բավարիային»։
Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս թվերը, սպորտային անհաջողությունները չեն խանգարել ակումբին դառնալու աշխարհի ամենաեկամտաբեր սպորտային բրենդը։

























































