Ֆրանսիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկը թողնելուց հետո առանց զբաղմունքի չի մնացել։ Անվանի մասնագետը նշել է, որ շարունակել է ակտիվորեն հետևել ֆուտբոլին։
«Ես հինգ տարի ձեռքերս ծալած չեմ նստել։ Դիտել եմ շատ ավելի շատ հանդիպումներ, քան այն ժամանակ, երբ մարզում էի «Ռեալը»։ Ես երկար եմ հետևել Ֆրանսիայի հավաքականին և տեսնում եմ, որ թիմը հսկայական ներուժ ունի»,- Զիդանի խոսքերն է մեջբերում ֆրանսիական L’Equipe պարբերականը։
Հիշեցնենք, որ Իսպանիայում աշխատելու տարիներին Զիդանը «Ռեալի» հետ երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ 2021 թվականին մադրիդյան ակումբից հեռանալուց հետո նա որևէ այլ թիմ չէր գլխավորել։
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը փոխարինել է Դիդիե Դեշամին, որն ազգային թիմի հետ աշխատում էր 14 տարի։
























































