Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ են դարձել Հայաստանը ներկայացնող ակումբների հավանական մրցակիցները:
«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Պոլեսիե» (Ուկրաինա) — «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ: Հաջողության դեպքում «նռնագույնները» երրորդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ:
«Նոան» մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու պարագայում որակավորման երրորդ փուլոիմ ուժերը կչափի ԲԱՏԷ (Բելառուս) — «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:
Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա ռումինական «Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) — «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին և 13-ին:



























































