Սենեգալի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Պապ Գեյեն հայտարարել է 2026 թվականի աշխարհի առաջնությունում թիմի մրցելույթների ավարտից հետո հավաքականից հեռանալու մասին։
Գեյեն ընդգծել է, որ չի վերադառնա ազգային թիմ, քանի դեռ մարզչական շտաբը չի փոխվել։
«Ես դադար կվերցնեմ հավաքականում ելույթներիս հարցում այնքան ժամանակ, քանի դեռ ղեկին այս մարզչական շտաբն է»,- Գեյեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականն աշխարհի առաջնությունում իր ելույթներն ավարտեց 1/16 եզրափակիչում։ Պապ Տիավի գլխավորած թիմը չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ՝ զիջելով Բելգիային (2-3), նայած այն հանգամանքին, որ մինչև հանդիպման 86-րդ րոպեն ուներ երկու գնդակի առավելություն: Աֆրիկյան թիմին մրցաշարից դուրս թողած հաղթական գոլը բելգիացիները խփեցին 120+5-րդ րոպեին՝ նշանակված 11-մետրանոց հարվածից:
Ընթացիկ մունդիալում անցկացրած չորս հանդիպումներում Գեյեն դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, «Տերանգայի առյուծների» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 45-ամյա Տիավը Սենեգալի հավաքականը գլխավորում է 2025 թվականի մարտից։ Նրա գլխավորությամբ թիմը հասել էր 2026 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ։
























































