Մարոկկոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մոհամեդ Ուահբին մեկնաբանել է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակը (1-1, հետխաղյա 11-մետրանոցներով՝ 3-2)։
Հանդիպման հիմնական ժամանակում Նիդերլանդների կազմում 72-րդ րոպեին հաշիվը բացել է Կոդի Գակպոն, իսկ մարոկկացիներին պարտությունից փրկել է Իսա Դիոպը՝ աչքի ընկնելով 90+1-րդ րոպեին։ 1/8 եզրափակիչում աֆրիկյան ընտրանին կմրցի Կանադայի հավաքականի հետ։
«Կատարում կայացած աշխարհի առաջնությունը փոխեց Մարոկկոյի հավաքականի մտածելակերպը։ Ես լիարժեք իրավունք ունեմ խոսելու այդ մասին։ Խաղացողները հավատում են իրենց ուժերին, իսկ երկրպագուները հավատում են թիմին։ Դա շատ կարևոր է։ Նրանք պահանջկոտ են, բայց միայն այն պատճառով, որ գիտեն՝ մենք կարող ենք հեռուն գնալ։
Գիտենք, որ շատերը կարծում են, թե Կանադայի հետ խաղը հեշտ զբոսանք է լինելու։ Դա այդպես չէ։ Մեզ բարդ մրցակից է սպասվում։ Մենք պետք է ինքներս մեզ ասենք, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել: Եվ մեզ իսկապես ոչ ոք չի կանգնեցնի, եթե խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք:
Իհարկե, անպարտելի թիմեր չկան, և ես դա ասում եմ տղաներին: Եթե մենք սխալներ թույլ տանք, ապա տուն կգնանք: Մենք պետք է համոզված լինենք, որ լիովին պատրաստ ենք առավելագույն արդյունք ցույց տալուն»,- Ուահբիի խոսքերն է մեջբերում France 24-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Մարոկկոն զբաղեցրել էր 4-րդ տեղը՝ գրանցելով աֆրիկյան թիմերի պատմության լավագույն արդյունքը աշխարհի առաջնություններում։ Այն ժամանակ թիմը գլխավորում էր Վալիդ Ռեգրագին։ Հատկանշական է, որ նախորդ տարի Մարոկկոյի երիտասարդական հավաքականը հենց Ուահբիի գլխավորությամբ նվաճել էր մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
























































