Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ամփոփել է 2026 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկային տուրի արդյունքները և հրապարակել լավագույն ֆուտբոլիստների անունները։ Կազմակերպությունը լավագույններին որոշել է երեք հիմնական անվանակարգերում՝ հարձակում, կրեատիվություն և պաշտպանություն։
Հարձակման գծում լավագույնի կոչմանն արժանացել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։ Ալժիրի ընտրանու դեմ խաղում (3:0) լեգենդար հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ կատարելով արգենտինացիների՝ դարպասին ուղղված հարվածների ընդհանուր քանակի 60%-ը։
«Կրեատիվություն» անվանակարգում առաջատար է ճանաչվել Իրանի հավաքականի պաշտպան Ռամին Ռեզաեյանը, ով գոլով է աչքի ընկել Նոր Զելանդիայի դեմ գոլառատ խաղում (2:2)։ Բացի դարպասը գրավելուց, իրանցի ֆուտբոլիստը կատարել է 16 ճշգրիտ փոխանցում և 13 անգամ հաջողությամբ ճեղքել է մրցակցի պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը։
Ինչ վերաբերում է պաշտպանական գործողություններին, ապա այստեղ հավասարը չի ունեցել Կանադայի հավաքականի խաղացող Դերեկ Կոռնելիուսը։ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպմանը (1:1) նա կատարել է գնդակի 17 խլում, ինչը բացարձակ լավագույն ցուցանիշն է առաջին տուրի բոլոր մասնակիցների շրջանում։ Կոռնելիուսի ակտիվում կա նաև գնդակի 13 հեռացում, 4 արգելափակում (բլոկ), 4 ընդհատում և 8 հաղթած օդային մենամարտ։
























































