Պորտուգալիայի ազգային հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ: Թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը, սակայն այդպես էլ չի կարողացել դառնալ գոլի հեղինակ:
Fox News հեռուստաալիքի տաղավարում կայացած հետխաղյա վերլուծության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խիստ քննադատության է ենթարկել պորտուգալացուն: Ֆրանսիացի լեգենդի կարծիքով՝ Ռոնալդուն չափազանց կենտրոնացած էր անձամբ աչքի ընկնելու վրա և առանձին դրվագներում նույնիսկ խանգարում էր սեփական խաղընկերներին:
«Ռոնալդուն պետք է հասկանա մի բան՝ գոլեր պետք է խփի թիմը, այլ ոչ թե դու»,- նշել է Անրին:
Եթերի շարունակության ընթացքում անվանի նախկին ֆուտբոլիստը վերլուծել է պորտուգալացիների գրոհներից մեկը, որի ժամանակ Ռոնալդուն անհաջող հարված է կատարել, թեև նրա թիկունքում գտնվող Բրունու Ֆերնանդեշն անհամեմատ ավելի նպաստավոր դիրքում է գտնվել.
«Ռոնալդուն կարող էր ճիշտ տեղաշարժ կատարել, բայց նա փակեց Բրունու Ֆերնանդեշի հարվածի հետագիծը: Կրիշտիանուն ցանկանում էր գոլ խփել և հայտնվեց փոխանցման գոտում: Դա հեշտացրեց պաշտպանների գործը, քանի որ նրանք միանգամից տեսնում և վերահսկում էին երկու խաղացողի: Դուք տեսաք Բրունուի արձագանքը. նա կարծես ասեր՝ «Ազատիր այդ գոտին»»,- հավելել է Անրին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության շրջանակում Պորտուգալիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 23-ին՝ ուժերը չափելով Ուզբեկստանի ընտրանու հետ:
























































