Լիոնել Մեսսին Ալժիրի հավաքականի դեմ խաղում (3:0) ձևակերպեց աշխարհի առաջնություններում իր կարիերայի առաջին հեթ-տրիկը՝ արժանանալով ֆուտբոլային լեգենդներ Թիերի Անրիի և Զլատան Իբրահիմովիչի հիացմունքին։
Արգենտինացու ֆանտաստիկ ելույթն անտարբեր չի թողել նրա նախկին թիմակիցներին։ Թիերի Անրին, մասնավորապես, ընդգծել է Մեսսիի բացառիկությունը ԱԱ-2026-ի շրջանակներում.
«Խաղից առաջ մենք խոսում էինք այն մասին, որ այս տղան և նա, ում մենք կտեսնենք վաղը [նկատի ունի Կրիշտիանու Ռոնալդուին — խմբ.], երկուսն էլ կարծես լուսնի վրա լինեն: Նա հիշեցրեց մեզ, թե ինչու է նա հենց ինքը: Արգենտինան ևս հիշեցրեց, թե ինչու են նրանք աշխարհի գործող չեմպիոնները: Բայց Լեոն պարզապես այլ է»,- Անրիի խոսքերն է մեջբերում Hindustan Times-ը՝ հղում անելով Fox Sports-ին։
Զլատան Իբրահիմովիչը, ով դեռ հանդիպումից առաջ էր բարձր գնահատել Մեսսիի հնարավորությունները, իր հերթին հավելել է.
«Ես դեռ նախապես էի ասում՝ պարզապես նայեք և վայելեք, ու մենք հենց դա էլ արեցինք: Այսօրվա օրը լի էր աստղերով, և նրանք ապահովեցին անհրաժեշտ արդյունքը»:
Հավելենք, որ Ալժիրի դարպասն ուղարկած երեք գնդակների շնորհիվ Արգենտինայի հավաքականի ավագը Մունդիալներում խփած գոլերի քանակով հավասարվեց ռեկորդակիր Միրոսլավ Կլոզեին (16 գոլ): Բացի այդ, Մեսսին սահմանեց ևս մեկ բացարձակ ռեկորդ՝ դառնալով աշխարհի առաջնություններում ամենաշատ տարբեր մրցակիցների դարպասը գրաված ֆուտբոլիստը:
























































