Գերմանացի տնտեսագետ Յոախիմ Կլեմենտը կանխատեսել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողին։ Մասնագետի համոզմամբ՝ առաջիկա համաշխարհային ստուգատեսում հաջողությունը կուղեկցի Նիդերլանդների ազգային հավաքականին, որը եզրափակիչում կհաղթի Պորտուգալիայի ընտրանուն։
«Առաջին անգամ ես ապշած էի, երբ Գերմանիան Բրազիլիայում դարձավ աշխարհի չեմպիոն, այդ թվում այն պատճառով, որ բոլոր փորձագետները պնդում էին, թե եվրոպական ոչ մի թիմ երբեք չի հաղթել Հարավային Ամերիկայում անցկացված մունդիալում։ Դա միանգամայն իռացիոնալ է։ Սա նման է վիճակախաղի։ Ես միշտ ասում եմ՝ եթե ինչ-որ մեկը խաղադրույք անի՝ հիմնվելով հաջորդ չեմպիոնի վերաբերյալ իմ կանխատեսման վրա, նրան արդեն ոչնչով հնարավոր չէ օգնել։ Դա մետաղադրամ նետելու պես մի բան է։ Դուք կարող եք կանխատեսել, որ այն չորս անգամ անընդմեջ նույն երեսով կընկնի, և դա միանգամայն կարող է տեղի ունենալ։ Բայց դա չի երաշխավորում, որ հաջորդ անգամ ևս արդյունքը կկրկնվի»,- Կլեմենտի խոսքերն է մեջբերում Der Spiegel պարբերականը։
Նշենք, որ Կլեմենտի հաշվարկային մոդելը հաշվի է առնում մի շարք առանցքային գործոններ։ Դրանց թվում են յուրաքանչյուր երկրի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (ինչն ուղղակիորեն ազդում է մարզական ենթակառուցվածքների վրա), բնակչության թվաքանակը, ֆուտբոլի դերն ու կարգավիճակը տվյալ հասարակության մեջ, ազգային հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, ինչպես նաև պատահականության գործոնը, որն այս դեպքում համարժեք է զուտ «մարզական բախտին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի տնտեսագետը ճշգրտորեն գուշակել էր վերջին երեք աշխարհի առաջնությունների հաղթողներին՝ ԱԱ-2014-ում (Գերմանիա), ԱԱ-2018-ում (Ֆրանսիա) և ԱԱ-2022-ում (Արգենտինա)։
























































