ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական «Տուրանին» մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Որոշման պատճառը պայմանավորված խաղերն են։ Նշվում է, որ «Տուրանը» զրկվել է մրցաշարին մասնակցելու իրավունքից՝ «ազգային կամ միջազգային մակարդակով հանդիպման ելքի վրա ազդելուն կամ այն կազմակերպելուն ուղղված գործունեությանն ուղղակի և/կամ անուղղակի մասնակցություն ունենալու» համար։
Սա ակումբի պատմության մեջ առաջին նմանատիպ սկանդալը չէ. դեռևս 2019 թվականին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան պայմանավորված խաղերի գործով ցմահ որակազրկել էր «Տուրանի» յոթ ֆուտբոլիստների։ Այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս երկրի երկրորդ դիվիզիոնում։
«Տուրանը» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ընդգծել է, որ ՈւԵՖԱ-ի այս որոշումը պատրաստվում է բողոքարկել Մարզական արբիտրաժային դատարանում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով թիմը զբաղեցրել էր երրորդ տեղը Ադրբեջանի առաջնությունում՝ իրավունք ստանալով հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։




























































