Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունն աննախադեպ տեխնոլոգիական նորարարություն կբերի խաղադաշտ: Մրցաշարի պաշտոնական գնդակը՝ Trionda-ն, կհամալրվի լրամշակված «Connected Ball Technology» համակարգով, որի շնորհիվ խաղից առաջ գնդակը պետք է լիցքավորել ճիշտ այնպես, ինչպես սովորական սմարթֆոնը։ Այս մասին հայտնում է YNews-ը։
Trionda-ի վահանակներից մեկի տակ թաքնված է հատուկ խցիկ, որտեղ տեղադրված է ընդամենը 14 գրամ կշռող գերժամանակակից սենսոր։ Այն վայրկյանում 500 անգամ ինֆորմացիա է հավաքագրում՝ ֆիքսելով գնդակի արագությունը, պտույտը, հետագիծն ու ֆուտբոլիստի հպման ամենաճշգրիտ պահը։ Որպեսզի այս համակարգը չխանգարի գնդակի աերոդինամիկային և ապահովի կատարյալ բալանս, ինժեներները հատուկ հակակշիռներ են կիրառել։

Այս տվյալները վայրկենապես համադրվում են մարզադաշտում տեղադրված 12 գերարագ տեսախցիկների ֆիքսած կադրերի հետ։ Գործընթացին միանում է Արհեստական բանականությունը, որը ստեղծում է դրվագի եռաչափ մոդելը։ Սա թույլ կտա միլիվայրկյանների ճշգրտությամբ որոշել խաղից դուրս վիճակները, ձեռքով խաղի հնարավոր կանոնախախտումներն ու գոլային դրվագները՝ էապես կրճատելով վիճելի պահերն ու արագացնելով VAR համակարգի աշխատանքը։
Ինչպես արդեն նշվեց, Trionda-ն մարտկոցով է աշխատում։ Մեկ լիցքավորումը բավարարում է մինչև 6 ժամ անընդմեջ աշխատանքի համար։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ եթե խաղի ընթացքում գնդակը դուրս է գալիս դաշտից կամ վնասվում է, և այն փոխարինում են նորով, տեխնոլոգիան ավտոմատ կերպով և առանց տվյալների կորստի անմիջապես սկսում է կարդալ նոր գնդակի ինֆորմացիան։
Հիշեցնենք, որ այս տեխնոլոգիան Քաթար-2022-ում կիրառված Al Rihla գնդակի նորարարության էլ ավելի կատարելագործված տարբերակն է։
























































