Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի տպավորիչ հաղթանակից հետո Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները վերագնահատել են փարիզյան թիմի կազմը:
Ֆրանսիայի չեմպիոնի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմել է ռեկորդային 1,37 միլիարդ եվրո. այս ցուցանիշով ՊՍԺ-ն դարձել է բացարձակ առաջատարն աշխարհում:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է, որի կազմը գնահատվում է 1,34 միլիարդ եվրո: Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (1,32 մլրդ եվրո):
Աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ակումբների թոփ-5-ն ունի հետևյալ տեսքը.
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 1,37 մլրդ եվրո
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 1,34 մլրդ եվրո
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 1,32 մլրդ եվրո
- «Արսենալ» (Անգլիա) – 1,23 մլրդ եվրո
- «Բարսելոնա» (Իսպանիա) – 1,17 մլրդ եվրո
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հենց ՊՍԺ-ն և «Արսենալն» էին վիճարկում գլխավոր տիտղոսը։ Լարված հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4:3 հաշվով առավելության հասան փարիզցիները՝ հռչակվելով Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող:
























































