«Արսենալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունից հետո մտադիր է լուրջ ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում՝ ծախսելով շուրջ 345 մլն եվրո։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է բրիտանացի մարզական լրագրող Ջեյմի Դիքենսոնը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» ղեկավարությունն արդեն իսկ 200 մլն եվրո է հատկացրել երկու կոնկրետ ֆուտբոլիստի ձեռք բերելու համար։ Խոսքը «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսի և «Բորնմութի» հարձակվող Էլի Կրուպիի մասին է։
Նշվում է նաև, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է հաստատել ևս 145 մլն եվրո տրամադրումը՝ պաշտպանության և կիսապաշտպանության գծերը նոր խաղացողներով համալրելու նպատակով։ Սակայն այս գումարը հասանելի կդառնա միայն այն դեպքում, եթե ակումբն ինքը ֆուտբոլիստների վաճառքից վաստակի մոտ 115 մլն եվրո։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ մայիսի 30-ին, «Արսենալը» Չեմպիոնների լիգայի դրամատիկ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով զիջեց ՊՍԺ-ին (1:1, 11-մ.՝ 3:4):




























































