Շոտլանդական «Սելթիկի» և Դանիայի ազգային հավաքականի 39-ամյա դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին։ Պատճառն ուսի ծանր վնասվածքն է։
«Երբ հունիսին ավարտվի պայմանագիրս «Սելթիկի» հետ, ես կավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս: Կարելի է ասել՝ այս որոշումն իմ փոխարեն է կայացվել: Ես խորհրդակցել եմ տարբեր վիրաբույժների ու փորձագետների հետ ուսիս վնասվածքի վերաբերյալ, և նրանք ինձ վստահեցրին, որ այլևս չեմ կարող վերադառնալ բարձրագույն մակարդակի։ Ես շատ եմ մտածել և գտնում եմ, որ հիմա հեռանալու ճիշտ պահն է»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում TV 2 Sport-ը։
Շոտլանդական ակումբի կազմում Շմեյխելը դարձել է երկրի կրկնակի չեմպիոն և գավաթակիր: Դանիացի դարպասապահն իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է անգլիական «Լեսթերում», որի կազմում դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճել Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը:
Տարբեր տարիների նա հանդես է եկել նաև «Մանչեսթեր Սիթիում», «Նիցցայում», «Անդերլեխտում», «Լիդսում», «Կարդիֆում» և մի շարք այլ թիմերում: Դանիայի ազգային հավաքականի կազմում Շմեյխելն անցկացրել է 120 հանդիպում՝ դրանցից 56-ում դարպասը պահելով անառիկ։




























































