Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դանիել Կարվախալը, ով 2026 թվականի ամռանը հեռացավ «արքայական» ակումբից»՝ դառնալով ազատ գործակալ, անդրադարձել է իր կարիերայի հնարավոր շարունակությանը:
«Այժմ վայելելու եմ ամառը, բայց հաստատ շարունակելու եմ կարիերաս, դա ինձ համար հստակ է: Կտեսնենք, թե որ տարբերակներն ավելի լավը կլինեն իմ և ընտանիքիս համար, որից հետո միայն վերջնական որոշում կկայացնեմ: Արդյո՞ք նախընտրում եմ մնալ Իսպանիայում. դեռ չգիտեմ, մենք հանգիստ կքննարկենք այդ հարցը: Կա՞ն արդյոք առաջարկներ «Կոմոյից» կամ Կատարից՝ անկեղծ ասած, չգիտեմ: Այժմ բաց եմ բոլոր տարբերակների համար, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Madrid Extra-ն:
Մինչ իսպանացին վայելում է հանգիստը, անգլիական Պրեմիեր լիգայից արդեն լուրջ հետաքրքրություն կա նրա նկատմամբ: Ըստ MatchDay Central-ի տեղեկությունների՝ անվանի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել Կարվախալին և փորձում է համոզել նրան տեղափոխվել Լոնդոն: Իսպանացի մասնագետը վստահ է, որ Կարվախալն իր հետ «Չելսի» կբերի առաջնորդի որակներ և հաղթողի հոգեբանություն: Նշենք, որ նրանք միասին աշխատել են «Ռեալում» նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Կարվախալը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2013-ից 2026 թվականներին: Այդ ընթացքում նա անցկացրել է 451 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդցիների կազմում նա նվաճել է անհավանական 26 տիտղոս, այդ թվում՝ 6 անգամ բարձրացնելով Չեմպիոնների լիգայի գավաթը:
























































