Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը, որում «Պադերբորնը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ և նվաճեց բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։
Քանի որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գոլեր չէին գրանցվել (0-0), այս հաղթանակը վճռորոշ դարձավ պադերբորնցիների համար:
Հանդիպումը կայացավ Պադերբորնի «Հոում Դելյուքս Արենա» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարն էր բեռլինցի Ֆելիքս Ցվայերը։
Խաղի հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց «Վոլֆսբուրգի» հարձակվող Ջենան Պեյչինովիչը՝ առաջ մղելով հյուրերին։ Սակայն 14-րդ րոպեին «գայլերը» մնացին տասը հոգով. երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Յոախիմ Մելեն։ Ունենալով քանակական առավելություն՝ դաշտի տերերը 38-րդ րոպեին Ֆիլիպ Բիլբիայի գոլի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Հիմնական ժամանակում հաղթողն այդպես էլ չպարզվեց, իսկ լրացուցիչ ժամանակում՝ 100-րդ րոպեին, Լորին Կուրդան խփեց «Պադերբորնի» հաղթական գնդակը։
Այս պարտության հետևանքով «Վոլֆսբուրգն» իր պատմության մեջ առաջին անգամ լքեց Բունդեսլիգան։ 1997 թվականից ի վեր առաջին անգամ «գայլերը» հանդես կգան Երկրորդ Բունդեսլիգայում։ Հատկանշական է, որ 1997-ին թիմը Երկրորդ Բունդեսլիգայում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն «Կայզերսլաուտերնին», և բարձրացել էր էլիտար դիվիզիոն։
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգն» իր պատմության ընթացքում մեկական անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի գավաթն ու Սուպերգավաթը: Եվրագավաթներում ակումբի լավագույն արդյունքը գրանցվել է 2015/16 մրցաշրջանում, երբ թիմը հասավ մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Հավելենք նաև, որ ավելի վաղ Բունդեսլիգայի ուղիղ ուղեգիր էին նվաճել «Շալկեն» ու «Էլվերսբերգը»:
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ




























































