«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ըստ բրիտանական հեղինակավոր պարբերականների, կլքի իր պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Վերջին ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը բավականին նյարդային և հոգնած կերպով է արձագանքել լրագրողի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին.
— Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի Ձեր հրաժեշտը ակումբին, եթե հաստատ իմանայիք, որ հեռանում եք։
— (Ծանր հոգոց է հանում) Հաջո՛րդ հարցը: Ես արդեն բազմիցս ասել եմ՝ իմ պայմանագրով դեռ մեկ տարի ունեմ,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում CityXtra-ն:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Գվարդիոլայի հեռանալու մասին պաշտոնական հաստատումը սպասվում է կիրակի օրը՝ մայիսի 24-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղից անմիջապես հետո։ Իսկ արդեն երկուշաբթի՝ մայիսի 25-ին, նախատեսված է հրաժեշտի հատուկ շքերթ բաց տանիքով ավտոբուսով՝ ի պատիվ իսպանացի մարզչի՝ անգլիական ֆուտբոլում ունեցած հսկայական ավանդի։
Չնայած այս ամենին՝ չի բացառվում, որ Գվարդիոլան, ում պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ տարի, շարունակի աշխատանքը մանչեսթերյան ակումբում, սակայն արդեն այլ պաշտոնում։
BBC-ն և ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը հայտնում են, որ Պեպին փոխարինելու գլխավոր հավակնորդը Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան է։ Վերջինս լոնդոնյան ակումբը գլխավորում էր 2024 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունվարը՝ թիմի հետ նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության գավաթները:
Որպես Գվարդիոլային փոխարինող այլընտրանքային տարբերակ՝ շրջանառվում է նաև Մյունխենի «Բավարիայի» ներկայիս մարզիչ, «Սիթիի» լեգենդ Վենսան Կոմպանիի անունը։
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» շարունակում է Պրեմիեր լիգայի տիտղոսի համար համառ պայքարը «Արսենալի» հետ։ «Զինագործները» 79 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «քաղաքայինները» զիջում են ընդամենը 2 միավորով։ Հատկանշական է, որ մայիսի 16-ին Գվարդիոլայի գլխավորած թիմը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Չելսիին» և նվաճել Անգլիայի Գավաթը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել Անգլիայի Գավաթը, 5 անգամ՝ Լիգայի գավաթը և 3 անգամ՝ երկրի Սուպերգավաթը։ Միջազգային ասպարեզում մասնագետը թիմին հասցրել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Ակումբային աշխարհի առաջնության բաղձալի տիտղոսներին:




























































