Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ ներկայումս MLS-ի «Մոնրեալ» ակումբի գլխավոր մարզիչ Թյերի Անրին պատմել է՝ ինչպես է անցկացնում ինքնամեկուսացումը Կանադայում։
«Թվում է՝ Մոնրեալը միշտ իմ սրտում է։ Երբ նայում ես ինչպես են աշխատում նրանք, ովքեր կորոնավիրուսի հետ պայքարի մեջ են, քեզ անկարևոր ես զգում։ Ֆուտբո՞լը։ Այն իմ կիրքն ու կյանքն է, շատ եմ ուզում, որ այն վերսկսվի, բայց պետք է համբերությամբ լցվենք ու հետևենք նրան, ինչ կատարվում է։
Ինչպե՞ս եմ ապրում։ Արթնանում եմ, մարզվում, ուտելիք պատրաստում, հանգստանում, նորից մարզվում, երբեմն դիտում հին խաղերը, հետո ընթրիք պատրաստում․․․բացի դրանից, ինձ թվում է, թե ես անընդհատ մաքրություն անելով եմ զբաղված։
Ընդհանրապես, ամենակարևորը առողջությունն է։ Եթե պետք է ավելի երկար սպասել, կսպասենք»,- Անրիի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
























































