Ապրիլի 30-ին կայացան ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

«Շախտյոր» (Ուկրաինա) 1։3 «Քրիսթալ Փելաս» (Անգլիա) [Տեսանյութ]
Կրակովի «Հենրիկ Ռեյմանի անվան քաղաքային մարզադաշտում» ուկրաինական «Շախտյորն» ընդունել էր անգլիական «Քրիսթալ Փելասին»։ Գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերի սպասարկած խաղում հյուրերը վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով:
Անգլիական թիմի կազմում արդեն առաջին րոպեին հաշիվը բացեց Իսմաիլա Սարը: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, «Շախտյորի» կիսապաշտպան Օլեգ Օչերետկոն հավասարեցրեց հաշիվը: Սակայն 58-րդ րոպեին Դաիչի Կամադան կրկին առաջ մղեց «Քրիսթալ Փելասին», իսկ 84-րդ րոպեին հարձակվող Յորգեն Ստրանդ Լարսենը խփեց հյուրերի երրորդ գոլը:
Նշենք, որ քառորդ եզրափակիչում «Շախտյորը» երկու խաղերի արդյունքով պայքարից դուրս էր թողել «ԱԶ Ալկմարին» (5:2), իսկ «Քրիսթալ Փելասը»՝ «Ֆիորենտինային» (4:2):

«Ռայո Վալեկանո» (Իսպանիա) 1։0 «Ստրասբուրգ» (Ֆրանսիա) [Տեսանյութ]
Մադրիդի «Վալեկաս» մարզադաշտում իսպանական «Ռայո Վալեկանոն» նվազագույն՝ 1:0 հաշվով տնային հաղթանակ տոնեց ֆրանսիական «Ստրասբուրգի» նկատմամբ: Հանդիպումը սպասարկում էր լիտվացի մրցավար Դոնատաս Ռումշասը:
Խաղի միակ և հաղթական գոլը 54-րդ րոպեին հեղինակեց հարձակվող Ալեշանդրե Ժուրավսկին՝ արդյունավետ փոխանցում ստանալով Իսի Պալասոնից:
Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան հինգշաբթի՝ մայիսի 7-ին: «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սելխերսթ Պարկ» մարզադաշտում կընդունի «Շախտյորին», իսկ «Ստրասբուրգը» սեփական հարկի տակ կփորձի բեկել «Ռայո Վալյեկանոյի» հետ դիմակայության ընթացքը։
Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025 մրցաշրջանի հաղթողը անգլիական «Չելսին» է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում 4:1 հաշվով ջախջախել էր իսպանական «Բետիսին»:




























































