Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում տեղի առաջնության շուրջ ստեղծված քննադատական մթնոլորտին: Նշենք, որ այս պահի դրությամբ «Ալ-Նասրը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ալ-Հիլալին» գերազանցելով 8 միավորով:
Պորտուգալացի աստղային ֆուտբոլիստն իր դժգոհությունն է հայտնել լիգայում տիրող տրամադրությունների և այլ ֆուտբոլիստների պահվածքի վերաբերյալ։
«Բոլորը բողոքում են։ Բոլորն ավելին են անում, քան պետք է։ Սա ֆուտբոլ է, ոչ թե պատերազմ։ Գիտենք, որ բոլորը պայքարում են և ցանկանում են հաղթել, բայց ամեն ինչ չէ, որ թույլատրելի է։ Ես կարտահայտվեմ մրցաշրջանի վերջում, քանի որ շատ վատ բաներ եմ տեսնում։ Շատ խաղացողներ հրապարակային բողոքում են մրցավարներից, լիգայից, նախագծից։ Կարծում եմ՝ դա սխալ է և չի համապատասխանում մեր նպատակներին:
Մենք պետք է օրինակ ծառայենք ոչ միայն այստեղ, այլև Եվրոպայի համար, եթե ուզում ենք նրանց հետ մրցակցել աշխարհի լավագույն լիգաներից մեկի կոչման համար։ Կարծում եմ՝ մեզ հարկավոր է վերջ տալ այս ամենին, վերլուծել իրավիճակը և զրուցել Սաուդյան լիգայի ղեկավարության հետ, որովհետև, ըստ իս, սա այլևս ֆուտբոլ չէ», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում պորտուգալական Record պարբերականը։
Ընթացիկ մրցաշրջանում 41-ամյա գոլահարը սաուդական ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































