ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել զրկել ռումինացի գլխավոր մրցավար Իշտվան Կովաչին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում հանդիպումներ սպասարկելու իրավունքից։
Թեև եվրոպական ֆուտբոլային կառույցը պաշտոնապես հազվադեպ է հրապարակում մրցավարների որակազրկման մասին հայտարարություններ, իսպանական Sport.es և Diario Sport պարբերականները հաստատում են, որ նա հեռացվել է աշխատանքից:
Նման կոշտ որոշման պատճառ են դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Ատլետիկո» (0-2) առաջին հանդիպման ժամանակ ռումինացի մրցավարի թույլ տված մի շարք կոպիտ սխալները։ Հիշեցնենք, որ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիներն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել էին տասը հոգով՝ պաշտպան Պաու Կուբարսիի հեռացման պատճառով:
Ավելի վաղ «Բարսելոնան» պաշտոնական բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ՝ խիստ դժգոհելով մրցավարությունից և VAR համակարգի աշխատանքից։ Մասնավորապես, «կապտանռնագույնների» ներկայացուցիչները մատնանշել էին 54-րդ րոպեին տեղի ունեցած վիճահարույց միջադեպը, երբ մադրիդցիների ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ակնհայտորեն ձեռքով էր խաղացել, սակայն 11 մետրանոց չէր նշանակվել։
Հատկանշական է, որ չնայած ՈւԵՖԱ-ի կողմից կիրառված այս պատժամիջոցին, Կովաչը կպահպանի աշխարհի 2026 թվականի առաջնության հանդիպումները սպասարկելու իրավունքը, քանի որ նրա թեկնածությունը հաստատված է ՖԻՖԱ-ի կողմից, և նա արդեն իսկ ընդգրկված է մրցավարների համապատասխան ցուցակում։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրի համար իսպանական թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Մադրիդում։






















































