Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղից հետո «Կրասնոդարի» ճամբարում կրքերը չեն հանդարտվել։ Պարտությունից զայրացած ֆուտբոլիստները կոտրել են «ՎԵԲ Արենա» մարզադաշտի հյուրերի հանդերձարանի դուռը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հարավային թիմը 1-3 հաշվով զիջել էր «բանակայիններին»։
Հանդիպումն աչքի էր ընկել մեծ լարվածությամբ և վիճելի դրվագներով, ինչն էլ դարձել էր հյուրերի նման պահվածքի գլխավոր պատճառը։ Ավելի վաղ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խիստ քննադատել էր մրցավարական անձնակազմի աշխատանքը։ Հայ ֆուտբոլիստը հանդիպման գլխավոր մրցավարի որոշումները, մասնավորապես՝ թիմակից Ջովանի Գոնսալեսի կարմիր քարտը, որակել էր որպես «սարսափելի»՝ ընդգծելով, որ նման մրցավարությունն արդեն հոգնեցրել է իրեն։
Այս դիմակայության հաղթողը, սակայն, դեռ վերջնականապես որոշված չէ։ Թիմերի միջև կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Կրասնոդարում, որտեղ էլ կվճռվի եզրափակիչի ուղեգրի ճակատագիրը։
























































