«Ֆասթ Բանկն» ու Երևանի «Փյունիկը» ազդարարել են համագործակցության մեկնարկի մասին: Ինչպես հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, բանկը դարձել է թիմի նոր տիտղոսային հովանավորը:
Օրերս կայացած հատուկ միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիրը հանդիսավորությամբ ստորագրել են «Ֆասթ Բանկի» գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը և «Փյունիկի» գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը։
Պայմանագրի համաձայն՝ «Ֆասթ Բանկը» դառնում է «Փյունիկի» գլխավոր, կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը։ Բացի այդ, նոր գործընկերն իր հովանու տակ է առնում նաև «Փյունիկի» ակադեմիայի երկու պատանեկան թիմերին՝ նպատակ ունենալով ներդրում ունենալ հայկական ֆուտբոլի վաղվա չեմպիոնների կայացման գործում:
««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտում է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճին և զարգացմանը: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք դրական արդյունք»,- նշել է «Ֆասթ Բանկի» գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։
Ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանն իր հերթին հավելել է.
«Շատ ենք կարևորում այս համագործակցությունը: Հուսով ենք, որ բանկի հետ աշխատանքը շատ լուրջ առաջընթաց կապահովի»։
Ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ «Փյունիկը» շնորհակալություն է հայտնել նոր գործընկերոջը ցուցաբերած վստահության և աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ գործակցությունը կբերի նոր հաղթանակների թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս:




























































