«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան աչքի է ընկել սկանդալային պահվածքով Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (4:1):
Ինչպես հաղորդում է Esport3-ը X սոցիալական ցանցում, հանդիպման ընթացքում ակումբի նախկին ղեկավարն աջակցել է կատալոնացի երկրպագուների՝ Մադրիդի «Ռեալին» ուղղված «Ով չի ցատկում, մադրիդիստ է» հայտնի վանկարկմանն ու սկսել ցատկել։ Ավելին, Լապորտան նաև ցույց է տվել շատ երկրներում վիրավորական համարվող ժեստ (արմունկով)։
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան սույն թվականի փետրվարի 9-ին հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից, որպեսզի առաջադրվի մարտի 15-ին նախատեսված նախագահական նոր ընտրություններում։
Ներկա պահին «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։ Սակայն մադրիդյան ակումբն իր ակտիվում մեկ չանցկացված խաղ ունի։


























































