«Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել համաշխարհային ֆուտբոլում:
Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի 26-րդ տուրում կատալոնացիները վստահ հաղթանակ են տարել «Վիլյառեալի» նկատմամբ (4-1), իսկ երիտասարդ հարձակվողը գրանցել է պատմական նվաճում:
Ինչպես հայտնում է Opta Sports-ը, Յամալը դարձել է 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որը եվրոպական թոփ-5 լիգաներում հատել է 25 գոլի սահմանագիծը՝ նախքան 19 տարեկան դառնալը:
Մարսելինո Տորալի գլխավորած թիմի դեմ կայացած խաղում իսպանացի եզրային հարձակվողն աչքի է ընկել տպավորիչ հեթ-տրիկով։ Այս ցուցանիշով նա իր գոլերի ընդհանուր քանակը Լա լիգայում անցկացրած 95 հանդիպումներում հասցրել է 27-ի:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալն ակումբի կազմում անցկացրել է 31 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 16 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։



























































