«Կրասնոդարի» պաշտպան Դիեգո Կոստան մեկնաբանել է թիմի առաջատարներ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և հարձակվող Ջոն Կորդոբայի բացակայությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքների պատճառով բաց էին թողել Winline Ձմեռային գավաթի շրջանակում կայացած մոսկովյան «Դինամոյի» դեմ հանդիպումը, որտեղ «ցլերը» պարտվել էին 0:1 հաշվով:
«Матч ТВ»-ի թղթակցի հարցին՝ արդյոք խաղի վրա ազդե՞լ է առաջատարների բացակայությունը, Կոստան պատասխանել է.
«Մեր թիմը կախված չէ երկու խաղացողից, որքան էլ նրանք կարևոր լինեն։ Նրանց կարևորությունը մեծ է, բայց մենք ունենք մյուս խաղացողներն ու այլ առաջատարներ, ովքեր լավ աշխատանք են կատարում»:
Խոսելով բուն հանդիպման մասին՝ ֆուտբոլիստը նշել է․
«Մենք վերահսկում էինք ամբողջ խաղը, բացառությամբ երկրորդ խաղակեսի վերջնամասի, երբ գոլ բաց թողեցինք։
Բնականաբար, ուրախ չենք պարտության համար, բայց խաղը լավն էր։ Պետք է շարունակենք աշխատել՝ մրցաշրջանում հաղթանակների վերադառնալու համար»։
Հիշեցնենք, որ Winline Ձմեռային գավաթի հաղթող է դարձել ԲԿՄԱ-ն (5 միավոր)։ «Դինամոն» նույնքան միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը (զիջելով լրացուցիչ ցուցանիշներով), «Կրասնոդարը» երրորդն է (4 միավոր), իսկ «Զենիթը» եզրափակել է քառյակը։
Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 27-ին։



























































