Բրազիլական ֆուտբոլի գերաստղ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին արդեն այս տարի, եթե չստանա Բրազիլիայի ազգային հավաքականի հրավերը՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարին մեծ ֆուտբոլում պահող միակ շարժիչ ուժը աշխարհի առաջնությանը մասնակցելու և այն հաղթելու ցանկությունն է։ Նրա ներկայիս ողջ գործունեությունը՝ վնասվածքներից հետո ծանր վերականգնողական փուլերը, ամենօրյա տքնաջան աշխատանքն ու անձնական զոհողությունները, ծառայեցված են բացառապես այդ նպատակին։
34-ամյա խաղացողը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 128 հանդիպում և դարձել 79 գոլի հեղինակ՝ համարվելով ազգային թիմի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Այնուամենայնիվ, «սելեսաոյի» կազմում նա խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի հոկտեմբերի 18-ից ի վեր։
























































