Իսպանական մամուլում տեղեկություններ են հայտնվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի և թիմի ավագ Դանի Կարվախալի միջև ծագած լուրջ տարաձայնությունների մասին։
El Chiringuito TV-ի փոխանցմամբ՝ կողմերի հարաբերությունները խիստ լարված են, նրանք գրեթե չեն շփվում, ինչը անսովոր է՝ հաշվի առնելով Կարվախալի դերը թիմում։
34-ամյա աջ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հոկտեմբերից հունվար ընկած մրցաշրջանի հատվածը։ Թեև ֆուտբոլիստն արդեն լիովին ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, մարզչական շտաբը նրան բավարար վստահություն չի ցուցաբերում․ 2026 թվականի սկզբից Կարվախալը ընդամենը երկու անգամ է դուրս եկել փոխարինման։
Ստեղծված իրավիճակը և անորոշությունը զայրացրել են ֆուտբոլիստին, քանի որ գլխավոր մարզիչ Արբելոան որևէ բացատրություն չի տվել նրան կազմից դուրս թողնելու վերաբերյալ։
Նշվում է, որ այս լարվածությունը կարող է հանգեցնել «արքայական» ակումբից Կարվախալի հեռանալուն։ Իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին, և խաղաժամանակի սղության պատճառով նա լրջորեն դիտարկում է կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակը։


























































