Ամերիկյան FOX Sports հեռուստաընկերությունը որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության հեռարձակումներից։ Պատճառը «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված շարունակական կոնֆլիկտային իրավիճակն է, հաղորդում է Speedline պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ FOX Sports-ի հետ համագործակցության դադարեցումը Սաուդյան լիգային հասցրել է մոտ 2,4 միլիարդ դոլարի վնաս, որը կապված է լիգայի գլոբալ մեդիա և կոմերցիոն նախագծերի հետ։ FOX Sports-ը դարձավ առաջին խոշոր միջազգային հեռուստաընկերությունը, որը դադարեցրեց Սաուդյան Արաբիայի առաջնության լուսաբանումը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոնալդուն բոյկոտում է «Ալ-Նասրի» հանդիպումները՝ դժգոհ լինելով, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի Սուվերեն հիմնադրամը (PIF) կառավարում ակումբը մրցակիցների համեմատ։ Շրջանառվում էին նաև լուրեր, որ պորտուգալացի հարձակվողը ամռանը կարող է հեռանալ սաուդյան ակումբից։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 22 հանդիպում, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ ամռանը Ռոնալդուն երկարաձգել էր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2027 թվականը։

























































