«Բարսելոնայի» մարզչական շտաբն սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել խաղացողների հանգստին և ֆիզիկական վերականգնմանը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբը աշխատանքի է հրավիրել քնի մասնագետի, որպեսզի օգնի ֆուտբոլիստներին հնարավորինս արդյունավետ վերականգնվել ինտենսիվ մարզումներից և հանդիպումներից հետո։
Նշվում է, որ քնի մասնագետի դերը հատկապես կարևոր է դառնում նախամրցաշրջանային հավաքների ժամանակ ժամային գոտիների փոփոխության, ինչպես նաև արտագնա խաղերից ուշ վերադառնալու պատճառով։
Օրակարգի նման խախտումները կարող են հանգեցնել սթրեսի, տագնապի և էմոցիոնալ այրման, ուստի ռեժիմի պահպանումը կենսական նշանակություն ունի։
Բացի այդ, ակումբում հատուկ ուշադրություն է դարձվում նաև սննդակարգին․ ֆուտբոլիստներն այժմ նախաճաշում են մարզաբազայում, ինչպես նաև հնարավորություն ունեն սնունդը տանել իրենց հետ։



























































