«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը՝ հեգնանքով մեկնաբանելով ծախսերի ծավալը մրցակիցների համեմատ։
Թեև «Քաղաքաբնակները» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել են 95 միլիոն եվրոյի գնումներ, իսպանացի մասնագետը շեշտել է, որ վերջին տարիների կտրվածքով ակումբի ընդհանուր ծախսերն այնքան էլ մեծ չեն։
«Ես մի փոքր հիասթափված եմ և վշտացած, քանի որ վերջին հինգ տարիների զուտ ծախսերով «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում զբաղեցնում է ընդամենը յոթերորդ հորիզոնականը։ Ես կցանկանայի, որ մենք լինեինք առաջինը։ Չեմ հասկանում՝ ինչու ակումբն ավելի շատ գումար չի ծախսում։
Նախկինում մենք հաղթում էինք, որովհետև շատ էինք ծախսում, իսկ այժմ կա վեց ակումբ, որոնք մեզնից շատ են ծախսել։ Ուրեմն, նրանք պարտավոր են հաղթել ԱՊԼ-ն, Չեմպիոնների լիգան և Անգլիայի գավաթը։ Հաջողություն եմ մաղթում նրանց և անհամբերությամբ սպասում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին կայանալու է Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» միջև։



























































