«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրապարակավ ծաղրել է այն 11-մետրանոց հարվածը, որը Մադրիդի «Ռեալին» հաղթանակ պարգևեց Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (2-1):
«Արքայական» ակումբը հաղթանակը կորզեց հանդիպման ավելացված ժամանակի 10-րդ րոպեին, երբ Կիլիան Մբապեն անվրեպ իրացրեց Բրահիմ Դիասի նկատմամբ արձանագրված խախտման համար նշանակված 11 մետրանոց հարվածը։
Երբ լրագրողները Լապորտային հարցրել են նշանակված խախտման մասին, կատալոնական ակումբի ղեկավարը չի կարողացել զսպել ծիծաղը.
«Դա սուզում էր»,- քմծիծաղով պատասխանել է Լապորտան։
🚨 Did you see the penalty awarded to Real Madrid yesterday in 90+10′?
Joan Laporta: “It was a DIVE (laughs).” #fcblive 😂 pic.twitter.com/XI0JqUZlPP
— BarçaTimes (@BarcaTimes) February 2, 2026
Ավելի ուշ, AS պարբերականի փոխանցմամբ, «Բարսելոնայի» նախագահն ավելի մանրամասն է անդրադարձել խաղին՝ կասկածի տակ դնելով մրցավարի կողմից ավելացված ժամանակի տևողությունը և քննադատելով մադրիդցիների խաղաոճը տուգանային հրապարակում։
«Ես դիտում էի «Ռեալ» — «Ռայո Վալյեկանո» հանդիպումը։ Չգիտեմ՝ որտեղից հայտնվեցին այդ 9 կամ 10 րոպեները։ Մի քանի դրվագներում ակնհայտ էր, որ «Ռեալի» ֆուտբոլիստները սովոր են սիմուլյացիայի դիմել տուգանային հրապարակում՝ ձևացնելով, թե իրենց դիպչել եn :Նրանց պետք է դեղին քարտեր տալ։ Ես տեսա, որ «Ռայոն» շատ անբարենպաստ վիճակում էր։
«Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը անընդհատ անտեղի պնդումներ է անում, որ մրցավարները միշտ վնասում են իրենց թիմին։ Եվ հիմա նրանք լռե՞լ են։ Ի՞նչ են նրանք հիմա ասում։ Արդյո՞ք մրցավարները այլևս չեն վնասում իրենց թիմին։ Արդյո՞ք նրանք արդեն վերլուծել են սա։ Նրանք պետք է լավ նայեն իրենց», — նշել է Լապորտան:
























































