«Բարսելոնան» հաջողությամբ ավարտին է հասցրել ձախ պաշտպանի փնտրտուքը՝ համաձայնության գալով ուրուգվայցի երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։
Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կապտանռնագույնների» շարքերը կհամալրի 19-ամյա Պատրիսիո Պասիֆիկոն։ Կատալոնական ակումբը ֆուտբոլիստին վարձակալում է «Դեֆենսոր Սպորտինգից»։
Գործարքի պայմաններով պայմանագրում ամրագրված է տրանսֆերի գնման հնարավորություն՝ 1.8 միլիոն եվրոյի դիմաց, որին կգումարվեն նաև բոնուսային վճարումները։ Նշվում է, որ որոշակի պայմանների կատարման դեպքում գնման կետը կարող է դառնալ պարտադիր։
Նախատեսվում է, որ Պասիֆիկոն սկզբնական շրջանում հանդես կգա ակումբի երկրորդ թիմում՝ «Բարսելոնա Բ»-ում։



























































