Այսօր`հունվարի 24-ին Լա լիգայի 21-րդ տուրում երրորդ հորիզոնականում գտնվող «Վիլյառեալը» սեփական հարկի տակ կընդունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։
«Դեղին սուզանավի» վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն հանդիպմանը ընդառաջ համարձակ հայտարարությամբ է հանդես եկել՝ էլ ավելի մեծացնելով խաղի նկատմամբ հետաքրքրությունը։
«Մենք չենք վախենում «Ռեալից»։ Ավելի շուտ՝ նրանք պետք է վախենան մեզանից», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում վրացի հարձակվողը Լա լիգայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։


























































