«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պարզաբանումներով նոր հայտարարություն է տարածել՝ կապված իրեն ուղղված խարդախության մեղադրանքների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբի նախագահի նկատմամբ հետաքննություն է իրականացվում՝ 4,7 միլիոն եվրոյի ենթադրյալ խարդախության առնչությամբ։
Ստորև ներկայացնում ենք Football Espana-ի հրապարակած հայտարարության տեքստը.
«ԶԼՄ-ներում տարածված որոշ անճշտությունների, մասնավորապես՝ 2026 թվականի հունվարի 16-ին դատարանում իմ տված ցուցմունքի վերաբերյալ, ստիպված եմ հանդես գալ հետևյալ պարզաբանումներով.
Ես չեմ մասնակցել այն պայմանագրերի ստորագրմանը, որոնց վրա հիմնված են հետաքննվող մեղադրանքները, ինչը հաստատում է նաև հայցվորը, ում ես չեմ ճանաչում։
Ես չեմ հանդիսանում և երբեք չեմ եղել CSSB Limited ընկերության ներկայացուցիչը կամ գործակալը, հետևաբար՝ նրա անունից որևէ պայմանագիր չեմ ստորագրել և չէի կարող ստորագրել, ինչպես նաև թույլտվություն չեմ տվել նշված ընկերության համար նախատեսված միջոցների ստացմանը։
Տարածված տեղեկատվության մեջ հիշատակվող փաստաթղթում (որի մասին ես տեղյակ չեմ եղել և որի վրա բողոքը հիմնված չէ) հստակ նշված է, որ իմ ստորագրությունը եղել է լոկ որպես վկա։ Այսինքն՝ այն ստորագրվել է CSSB Limited-ի ներկայացուցչի կողմից իմ ներկայությամբ՝ համաձայն այն իրավասության (jurisdiction) ընդունված պրակտիկայի, որտեղ պայմանագիրն ուժի մեջ է։
Հարգելով ընթացող դատական հետաքննությունը՝ լիակատար վստահություն եմ հայտնում, որ շատ շուտով կհաստատվի, որ ես որևէ առնչություն չեմ ունեցել խարդախության որևէ դրսևորման հետ։ Ի դեպ, այդ մասին զգուշացրել էր նաև հետաքննող դատավորը դեռևս բողոքը ներկայացնելիս՝ սկզբնական շրջանում չընդունելով այն վարույթ։
Եվ վերջապես, ես ինձ իրավունք եմ վերապահում ձեռնարկել համապատասխան իրավական քայլեր ցանկացած կողմնակալ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության դեմ, որի նպատակը բացառապես իմ հեղինակությանը, պատվին և արժանապատվությանը վնաս հասցնելն է»։
Լապորտայի և ևս երկու անձի դեմ հայց է ներկայացրել մի ընտանիք, որը վիճակախաղով շահած գումարները ներդրել էր Հոնկոնգում տեղակայված CSSB Limited ընկերությունում՝ 3 տարի ժամկետով և տարեկան 6% տոկոսադրույքով։ Երկու տարվա ընթացքում, երբ ստորագրվել էր հինգ տարբեր պայմանագիր, ներդրումների շահույթը պետք է կազմեր 792 հազար եվրո, սակայն արդյունքում ընտանիքը ստացել է ընդամենը 84 հազար եվրո, իսկ հիմնական ներդրված գումարը նրանց չի վերադարձվել։



























































