«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախկին մարզիչ Մխիթար Դավիդյանը վստահություն է հայտնել, որ թիմի ավագն արդեն հասունացել է կարիերան Եվրոպայում շարունակելու համար։
«Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն, դրանում կասկած չունեմ։ Եթե «Կրասնոդարը» որոշի բաց թողնել Էդուարդին, վստահ եմ՝ ակումբն ունի պլան Բ։ Մուսաևը փորձառու մասնագետ է, ՌՊԼ-ում առաջին տարին չէ, որ աշխատում է, և կկարողանա լուծել այդ հարցը»,- նշել է Դավիդյանը Metaratings.ru-ի հետ զրույցում։
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Սա «Կրասնոդարի» սանի երկրորդ նմանատիպ մրցանակն է (առաջին անգամ ճանաչվել էր 2022 թվականին)։
Նա ճանաչվել է նաև «Կրասնոդարի» լավագույն խաղացող՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքներով։
Սպերցյանը վստահորեն գլխավորում է ՌՊԼ-ի լավագույն ասիստենտների ցուցակը (12 գոլային փոխանցում)։ Բացի այդ, նա Ջոն Կորդոբայի հետ կիսում է ակումբի լավագույն ռմբարկուի դիրքը առաջնությունում (8-ական գոլ)։ Եվս մեկ գնդակ կիսապաշտպանը հեղինակել է Գավաթի խաղարկությունում։
























































